Վրաստանում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման, որով 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկվում է, ինչպես նաև վերացվում դեպի Վրաստան ուղիղ չվերթերի արգելքը։
Ստորագրահավաքն ընթանում է manifest.ge կայքում, արդեն ավելի քան 16 հազար ստորագրություն է հավաքվել:
Ստորագրահավաքի կազմակերպիչների խոսքով, Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ ողջունում են Ռուսաստանի Դաշնության որոշումը։ Իսկ իրենք՝ Վրաստանի քաղաքացիները, գիտակցում են, որ.
- Ռուսաստանը օկուպացրել է երկրի 20 տոկոսը, այսօր էլ շարունակում է շողացող օկուպացիան,
- Ռուսաստանը ագրեսոր պետություն է, որը գրավում ու ավերում է ուկրաինական քաղաքները, սպանում է բնակչությանը,
- Ռուսաստանի միջազգային մեկուսացումն ավելի է մեծանում։ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահի ձերբակալության օրդեր է տվել,
- Երբ վրաց ժողովուրդը աջակցում է Ուկրաինային, իսկ վրացի զինվորները զոհվում են Ուկրաինայի ազատության համար պայքարում, Վրաստանի կառավարության կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը դավաճանական քայլ է՝ ուղղված պետականության դեմ,
- Ռուսաստանի քաղաքացիների անվերահսկելի հոսքը Վրաստան վտանգի տակ է դնում մեր անվտանգությունը,
- Ռուսաստանի հետ մերձենալ նշանակում է հեռանալ Եվրամիությունից և քաղաքակիրթ աշխարհից, կորցնել ռազմավարական գործընկերներին, տնտեսապես և քաղաքականապես կախված լնել Ռուսաստանից, հրաժարվել տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և դառնալ Ռուսաստանի մաս։
«Ըստ այդմ՝ կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին.
- Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վիզային ռեժիմ սահմանել,
- հրաժարվել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերսկսումից,
- մերժել Ռուսաստանի հետ գաղտնի գործարքները և ձեռնարկել բոլոր միջոցները Եվրամիությանն ինտեգրվելու համար՝ Վրաստանի Սահմանադրությանը համապատասխան»,- նշել են ստորագրահավաքի հեղինակները:
Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը՝ չեղարկելով նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։
Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունում են այն, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով փորձագետներ կարծում են, թե Պուտինը նման կերպ «պարգևատրեց» Վրաստանի կառավարությանը։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի քայլը սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։