Ստորագրահավաք Մզիա Ամաղլոբելիին ազատելու պահանջով

Վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների ազատազրկված հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին անհապաղ ազատ արձակելու պահանջով  ստորագրահավաք է սկսվել։

Ստորագրահավաքի տեքստում նշված է` ավելի քան երկու տասնամյակ Մզիա Ամաղլոբելին պայքարում է մամուլի ազատության, ժողովրդավարության և Վրաստանի եվրոպական ապագայի համար։

Ըստ ստորագրահավաքի տեքստի` այժմ Ամաղլոբելին գտնվում է նախնական կալանքի տակ՝ վտանգելով իր կյանքը նույն արժեքների համար, որոնք միշտ պաշտպանել է։

«Սա միայն Մզիայի կռիվը չէ, սա պայքար է բոլոր ապօրինի կալանավորված բանտարկյալների, խոսքի ազատության և Վրաստանի ապագայի համար», — ասված է տեքստում։

Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին՝ Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի ցուցումով, վերջինիս ապտակելու մեղադրանքով։

Ամաղլոբելին 31 օր է՝ ի նշան բողոքի բանտում հացադուլ է անում։ Փետրվարի 4-ին նա տեղափոխվել է «Վիվամեդ»՝ հետազոտության նպատակով։ Հետազոտությունների ավարտից հետո նա ցանկանում է վերադառնալ բանտ։