ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել դաշինքի անդամակցության համար օգտագործել բոլոր հնարավորությունները։
«Կոչ եմ անում շարունակել աշխատանքը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները դաշինքում հստակ դերակատարություն ստանալու ու անդամակցելու ուղղությամբ»,- Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմանը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։
Ստոլտենբերգը ողջունել է Վրաստանի կառավարության որոշումը, ըստ որի, ՀՆԱ-ի 2 տոկոսը այսուհետ կտրամադրվի երկրի պաշտպանական ոլորտին:
«Ուժեղացել է խորհրդարանի կողմից անվտանգության ոլորտի վերահսկողությունը: Նաև դատական համակարգի ուղղությամբ մեծ թափ է ստացել բարեփոխումների իրականացումը»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
Հիշեցնենք՝ դաշինքի քարտուղարի այցի այս օրերին (մարտի 18-29-ը) Վրաստանում ընթանում են «ՆԱՏՕ-Վրաստան 2019» զորավարժությունները։