Նոյեմբերի 23-ին Եվրախորհրդարանի պատգամավորների թեև ոչ միաձայն քվեարկությամբ, բայց ընդունվել է ռուսաստանյան լրատվամիջոցներին հակազդելու մասին բանաձևը: Այս բանաձևով Sputnik լրատվական գործակալությունը, Russia Today հեռուստաալիքը համարվել են Եվրամիության և Արևելյան Եվրոպայի համար տեղեկատվական վտանգ:
Փաստաթղթում ասվում է, որ Մոսկվան մեծացրել է Եվրամիության նկատմամբ քարոզչությունը, այդ իսկ պատճառով Եվրախորհրդարանը Եվրամիության անդամ երկրներին կոչ է անում հակաքարոզչական նախագծերի համար լրացուցիչ միջոցներ հատկացնել:
Հարկ է նշել, որ վերոնշյալ լրատվամիջոցներն անգլալեզու կոնտենտ են տրամադրում լսարանին:
«Եթե նման որոշում է կայացվել, ուրեմն մենք արևմտյան հասարակությունում, այս անգամ Եվրախորհրդարանի մակարդակով, ժողովրդավարության մասին պատկերացումների ակնհայտ հետընթաց ենք տեսնում, այդ բառի քաղաքական իմաստով: Սակայն հույս ունեմ, որ խելամտությունը կհաղթի, և իրականում ոչ մի պատժամիջոց այստեղ չենք ունենա»,- բանաձևին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Քվեարկությանը մասնակցել է 691 պատգամավոր, որոնցից 304-ը կողմ է քվեարկել բանաձևի ընդունմանը, 208-ը ձեռնպահ է մնացել, իսկ 179-ը դեմ է քվեարկել: Հատկանշական է, որ բանաձեւը ԵՄ անդամ պետությունների համար պարտավորեցնող չէ, այն խորհրդատվական բնույթի է:
Հավելենք նաև, որ ԵՄ-ի համար վտանգ են համարվում նաև «Ռուսական աշխարհ» հիմնադրամը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներքո գործող «Россотрудничество» դաշնային գործակալությունը: