Սպորտի վարչությունը, որը նախկինում Վրաստանի մշակույթի նախարարության կազմի մեջ էր, դարձավ անկախ գերատեսչություն։ Համապատասխան օրենքն այսօր աջակցություն է ստացել Վրաստանի խորհրդարանում։
Փոփոխությունները միաձայն պաշտպանել են մեծամասնության գրեթե բոլոր անդամները՝ 87 պատգամավոր։ Ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարած ընդդիմությունը վիճելի ընտրություններից հետո խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ և բոյկոտում է նրա աշխատանքը։
Օրենքի նախագծի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մշակույթի և սպորտի նախարարությունները կգործեն որպես իրարից անկախ գերատեսչություններ։
Դեռ ընտրություններից առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մշակույթի և սպորտի նոր նախարար է նշանակել Թինաթին Ռուխաձեին։
Կոբախիձեն սպորտի նախարարի պաշտոնին է ներկայացրել Շալվա Գոգոլաձեին, որը մինչ վերակազմավորումը ժամանակավոր ղեկավարում էր մշակույթի նախարարությանը կից սպորտի վարչությունը։
Իշխանության 12 տարիների ընթացքում «Վրացական երազանք»-ը մի քանի անգամ իրականացրեց կառուցվածքային կառավարման բարեփոխումներ։ Տարբեր նախարարություններ կամ միավորվել են՝ դա բացատրելով ծախսերի կրճատմամբ, կամ բաժանվել՝ հիմնավորելով այս կամ այն բաղադրիչի վրա առավել արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությամբ։
Մինչև 2017 թվականը Վրաստանն ուներ սպորտի և երիտասարդության առանձին նախարարություն։ Սա լուծարվեց, իսկ սպորտը փոխանցվեց մշակույթի նախարարությանը։ Ի դեպ, 2018 թվականին մշակույթի նախարարությունը միացել էր կրթության նախարարությանը։ 2019 թվականին այս գերատեսչությունները կրկին բաժանվեցին: