Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ վրացի բժիշկ Թեյմուրազ Գոգիձեն պարգևատրվեց Վրաստանում ՀՀ դեսպանության շնորհակալագրով։ Բժիշկ Գոգիձեն Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Թբիլիսիում վիրահատել է տասնյակ վիրավորների։
Դեսպան Սադոյանը ողջ հայ ժողովրդի անունից ի դեմս բժիշկ Գոգիձեի, շնորհակալություն հայտնեց եղբայրական վրացի ժողովրդին՝ հայ ժողովրդի համար այդ դժվարին ժամանահատվածում ցուցաբերած անգնահատելի օգնության համար։ Նա ավելացրեց, որ այդ օգնությունը երբեք չի մոռացվի և մշտապես կհիշվի երախտագիտությամբ:
Բժիշկ Գոգիձեն նշեց, որ սարսափով է հիշում այդ օրերը, քանի որ վիրավորների նման քանակ երբևէ չէր տեսել։ Նրա խոսքով՝ իր մոտ շատ լավ տպավորվել է Լիլի անունով փոքրիկ երեխայի ծանր վիրահատությունը, որի հետ կապը վիրահատությունից հետո կտրվել է և հույս հայտնեց, որ այս շնորհակալագրի հանձնման արարողության լուսաբանումը հնարավորություն կտա, որ Լիլին գտնի իրեն բուժած բժշկին։