ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 3-ին այցելել է Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցի և եկեղեցուն կից «Հայարտուն» կրթամշակույթային կենտրոն, որտեղ կայացավ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը:
«Մենք այսօր կերտում ենք շատ ավելի մարդակենտրոն հանրապետություն, որն ստեղծված է միայն և միայն իրենց քաղաքացիներին ծառայելու համար և որից ավելի բարձր արժեք գոյություն չունի: Դա նշանակում է ստեղծել մի երկիր, որը հենված է արդարության, հավասարության, ճշմարտության ու հրապարակախոսության վրա», — իր խոսքում նշում է Զարեհ Սինանյանը:
Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը եւս ողջունեց ներկաներին. «Վիրահայոց թեմի, թեմին կից կառույցների և այդ կառույցների աշխատակիցների կողմից ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ ստացել և ստանում ենք ձեր կողմից: Ձեր կատարած գործերը երևում են ինչպես Բաթումիում, Ջավախքում, այնպես էլ Օզուրգեթիում»:
Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով: «Հայարտուն» կենտրոնի տնօրեն, Վիրահայոց թեմի կրթական բաժնի ղեկավար Եվգենիա Մարկոսյանը Զարեհ Սինանյանին ծանոթացրեց կենտրոնում գործող նախակրթարանին: