Վրաստանի Ազգային բանկն այսօր նոր որոշում է ընդունել՝ սպառողական վարկերի մարման առավելագույն ժամկետը, որը ներկայումս սահմանված է 4 տարի, նվազեցնել մինչև 3 տարի։ Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի խոսքով, փոփոխությունն ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ից և կգործի մեկ տարի։
Ազգային բանկի նախագահի կանխատեսմամբ՝ այս փոփոխությունը կնվազեցնի սպառողական վարկերի ձևակերպման աճի տեմպերը։
«Ընթացիկ ժամանակահատվածում սպառողական վարկերի ձևակերպման ցուցանիշի աճը նվազեցնելու նպատակով նպատակահարմար ենք համարում կրճատել սպառողական վարկերի առավելագույն ժամկետը։ Բանկային հատվածի հետ քննարկելուց հետո որոշեցինք ժամկետը 4 տարուց կրճատել մինչև 3 տարի»,- ասել է Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն։
Փոփոխությունը վերաբերում է սպառողական վարկերի բոլոր տեսակներին։