Ակտիվիստ, հասարակական գործիչ, ազգությամբ եզդի Վիտալի Սաֆարովի սպանության հարցը հատկապես այս օրերին իրավապաշտպանների օրակարգում է։
Այս գործով դատական առաջին նիստը կայացավ ապրիլի 16-ին: Էթնիկ պատկանելիության հողի վրա իրականացրած սպանության գործով երկու անձ է մեղադրվում: Ըստ իրավապաշտպանների՝ 25-ամյա Սաֆարովին ազգայնական խմբավորման անդամներն ատելության հողի վրա սպանել են 2018 թվականի սեպտեմբերի 30-ին։ Տուժած կողմն ասում է՝ հանցագործությանը մասնակցել է նաև երրորդը, մինչդեռ նրան վկայի կարգավիճակ է տրվել։
«Այս դատական նիստին մենք սպասում ենք արդեն 6,5 ամիս, վերջապես այն կայանում է: Մեր պահանջով այս ընթացքում 3-ից երկուսին 109-րդ հոդվածով ազատազրկել են: Երրորդը, սակայն թեև անմիջական մասնակցություն է ունեցել հանցագործության մեջ, հանդես է գալիս որպես վկա»,-«Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Սաֆարովի մայրը՝ Մարինա Ալանակիան։
Մայրն ասում է, որ օբյեկտիվ դատավճիռ ստանալու համար նիստերին ներկա կգտնվեն դիտորդներ տարբեր երկրներից:
Դիտորդական խմբի անդամներն են՝ Ալեքսանդրա Նովիչկովան (Public Alternative Foundation, Ուկրաինա), Մարան Թերները (Freedom Now, ԱՄՆ), Սվետլանա Աստրախանցևան (Moscow Helsinki Group, Ռուսաստան) և Յուրի Ջիբլաձեն (Center for the Development of Democracy and Human Rights, Ռուսաստան):
«Շատ կարևոր է, որ դատարանը հստակ պատասխան տա մեղադրյալներին այս կոնկրետ գործում, միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ դրանով պետք է հստակ պատասխան տրվի բոլոր նեո-նացիստական կազմակերպություններին»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է «Արձագանք» հարթակի ղեկավար Գիորգի Թումասյանը:
Երկու մեղադրյալներին՝ Ավթանդիլ Կանդելակիշվիլիին և Գիորգի Սոխաձեին սպառնում է 13-17 տարվա ազատազրկում: Նրանցից ոչ-ոք չի ընդունում մեղքը: Վերոնշյալ անձինք մեղադրվում են ազգային անհանդուրժողականության հիմքով պլանավորված խմբային սպանության մեջ:
Դատարանն այս նիստի ընթացքում մերժել է մեղադրյալների՝ որպես խափանման միջոց 2 ամսով ազատման հայցը (2 ամիս անց 9 ամիս տևող ձերբակալման ժամկետն անցնում է):
Դատարանը որոշում է կայացրել, որ մեղադրյալների գործով էական քննարկում տեղի կունենա ապրիլի 24-ին, ժամը 14:00-ին:
Դատական նիստից առաջ էլ Թբիլիսիի քաղաքային դատարանի այգում Սաֆարովի ընտանիքին աջակցող հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները խաղաղ ցույց էին կազմակերպել: «Վրաստան. ատելության համար տեղ չկա» կարգախոսով անցկացվող ակցիայի մասնակիցները դատապարտում են ռասիզմն ու քսենոֆոբիան՝ նկատելով, որ բազմազգ Վրաստանը չի կարող ատելության երկիր լինել: