
Տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան Space Exploration Technologies Corporation (SpaceX) ընկերությունը Վրաստանում ծրագրում է գործարկել Starlink գերարագ արբանյակային ինտերնետ ծառայությունը: Փոխանցում է Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովը։
«Կարծում եմ, որ այս փաստը շատ կարևոր իրադարձություն է երկրի և հեռահաղորդակցության ոլորտի համար։ Starlink-ի ներդրումից հետո արբանյակային ինտերնետը հասանելի կլինի Վրաստանում, և դա հնարավորությունների պատուհան կբացի նորարարական թվային ծառայությունների շուկայի հետագա զարգացման համար»,- ասել է Վրաստանում SpaceX-ի ներկայացուցիչ, հաղորդակցության ազգային հանձնաժողովի անդամ Եկատերինա Իմեդաձեն:
Ըստ հանձնաժողովի՝ Starlink-ի գործարկումը հատկապես կարևոր է Վրաստանի լեռնային շրջանների և հեռավոր բնակավայրերի համար, որտեղ լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիություն չկա։
Նշենք, որ Starlink-ը գլոբալ արբանյակային կապի համակարգի նախագիծ է: Այն մշակվել է ամերիկյան SpaceX ընկերության կողմից, որը հիմնադրվել է 2002 թվականին Իլոն Մասկի կողմից։
Starlink համակարգը նախագծված է ամբողջ աշխարհի օգտատերերին գերարագ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ տեղակայելով մեծ թվով փոքր սարքեր Երկրի ցածր ուղեծրում:
Հատկանշական է, որ 2019 թվականի մայիսից SpaceX-ը ուղեծիր է ուղարկել ավելի քան 2000 արբանյակ։