Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան արձագանքել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փետրվարի 21-ի հայտարարությանը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի Մինսկում հանդիպման մասին։
Արձինբան նշել է, որ, որքան շուտ Վրաստանում հասկանան, որ «Աբխազիայի Հանրապետությունը ինքնիշխան, անկախ պետություն է», այնքան ավելի արագ կհաղթահարվեն առկա հակասությունները և համապատասխան պայմաններ կստեղծվեն «երկու պետություններ»-ի միջև քաղաքակիրթ հարաբերությունների համար:
«Չնայած վրացական իշխանությունների բոլոր ջանքերին, որոնք ուղղված են Աբխազիայի միջազգային մեկուսացմանը, մեր երկիրը ամուր կանգնած է միջազգային կապերի ընդլայնման ճանապարհին»,- ասել է Արձինբան։
Բժանիան և արտաքին գործերի դե ֆակտո նախարար Արձինբան փետրվարի 20-ին ժամանել են Բելառուս։ Նախօրեին Վրաստանի ԱԳՆ-ն և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել են Մինսկում «աբխազական պատվիրակության» ընդունելությանը՝ հայտարարելով, որ այդ գործողությունը կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Ի դեպ, Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախությունը» ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության կողմից 2008 թվականի վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո։