Սոխումիից Թբիլիսիին հիշեցրել են Իվանիշվիլիի ներողություն խնդրելու հայտարարությունը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը Վրաստանին կրկին կոչ է անում ուժի չկիրառման պայմանագիր ստորագրել և հրաժարվել «առճակատման հռետորաբանությունից»։ Այս անգամ կոչի համար հիմք է հանդիսացել Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հայտարարությունը, որը վերաբերում է Ռուսաստանից դեպի Սոխումիի օդանավակայան թռիչքների անօրինականությանը:

Մարտի 25-ին Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) կայքում հրապարակված մեկնաբանության համաձայն, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ «կառուցողական երկխոսության պատրաստակամության» մասին վրաց քաղաքական գործիչների հայտարարություններից հետո, ներառյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունն այն մասին, որ «Վրաստանը պետք է ներողություն խնդրի օսական կողմից 2008 թվականի պատերազմի համար և պատժի նախկին իշխող կուսակցությանը, Աբխազիայի Հանրապետությունը սպասում էր պրագմատիկ փոխգործակցության մեկնարկին՝ հիմնված Անդրկովկասում ստեղծված իրողությունների ճանաչման վրա»։

Ըստ դե ֆակտո հանրապետության ԱԳՆ-ի, փոխարենը Վրաստանի կառավարությունը հանդես է գալիս «ստանդարտ, քաղաքական դրդապատճառներով և իրականությունից կտրված հայտարարություններով», ինչը «լրացուցիչ լարվածություն է ստեղծում»։ Աբխազիայի դե ֆակտո ԱԳՆ-ն Վրաստանի կառավարության «հետագա գործողությունները» գնահատում է որպես «անշրջելի գործընթացներին» խոչընդոտելու փորձ։

Դե ֆակտո արտգործնախարարության կարծիքով, նման մոտեցումները չեն նպաստում ձգձգվող ճգնաժամի լուծմանը, խաթարում են երկխոսության հնարավորությունը, ուժեղացնում են «կողմերի միջեւ փոխադարձ անվստահությունը»։

Ուստի «Աբխազիայի Հանրապետությունը» կոչ է անում Վրաստանին «մերժել առճակատման հռետորաբանությունը, ստորագրել ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր և սկսել կառուցողական երկխոսության նոր փուլ՝ հաշվի առնելով 1992-1993 և 2008 թվականների հակամարտություններից հետո ձևավորված քաղաքական և իրավական իրողությունները»։

Ռուսաստանից օկուպացված Սոխումիում «իրականություն» են համարում այն, որ Աբխազիան «անկախ հանրապետություն» է, որը ճանաչվել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների կողմից։

2025 թվականի փետրվարին` 32 տարվա մեջ առաջին անգամ, քաղաքացիական ինքնաթիռ վայրէջք կատարեց Սոխումիի օդանավակայանում։ Փորձնական թռիչքը տեղի է ունեցել Ռուսաստանից։ Սպասվում է, որ կանոնավոր չվերթերը կսկսվեն մայիսին։

Այս փաստին չհետևեց Վրաստանի կառավարության անմիջական արձագանքը: Թբիլիսիի պատվիրակությունը մարտի սկզբին Ժնևում կայացած միջազգային քննարկումների 63-րդ փուլում դատապարտել է թռիչքների վերսկսումը։

Մարտի 14-ին Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունից BMG-ին հայտնել են, որ Սոխումիի օդանավակայանի շահագործումն անօրինական է և խախտում է միջազգային նորմերը, հետևաբար՝ դրանք մշտապես համաձայնեցվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հետ՝ արգելելու միջազգային թռիչքները Սոխումիի օդանավակայանից։