
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սոփիո Քացարավան հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդիարովին: Խորհրդարանի լրատվական ծառայության տեղեկատվությամբ՝ կողմերը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային առկա ծրագրերը, դրանց կարևորությունը կայունության և զարգացման առումով:
Հանդիպմանը ընդգծվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կարևորությունը, որպես Ասիայի և Եվրոպայի միավորող կայուն և անվտանգ ճանապարհ և Վրաստան-Ադրբեջան-Թուրքիայի տնտեսական զարգացման կարևոր աղբյուրներից մեկը:
Սոփիո Քացարավան ուշադրություն է դարձրել տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա իրավիճակին և հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն աջակցելու համար:
Հիշեցնենք, որ երեկ Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել: