Կրեմլի քարոզիչ, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր հեռուստահաղորդման մեջ վրացիների հասցեին նսեմացնող և այլատյաց, ծաղրական հայտարարություններ է արել:
Ըստ Սոլովյովի՝ այսկերպ նա ծաղրել է Վրաստանի քաղաքացիներին և Ուկրաինա ներխուժումից հետո Վրաստան փախած ռուսներին։
Խոսելով արտերկիր մեկնած ռուսների մասին՝ Սոլովյովն ասել է, որ նրանք նոր հայրենիք են գտել, և դրանցից մեկն էլ Վրաստանն է։
«Վերջ, մենք կորցրինք մեկուկես միլիոն մարդ, որոնք հանկարծ նոր հայրենիք գտան, նրանք հանկարծ իրենց ղազախ, հայ, ուզբեկ, տաջիկ, ղրղզ, վրացի զգացին ու «մեդալ ստացան» Վերին Լարսը գրոհելու համար»,- ասել է Սոլովյովը:
Ի դեպ, «Վերին Լարս գրոհի համար» մեդալը համացանցային մեմ դարձավ Twitter, Telegram և այլ սոցիալական ցանցերի ռուսալեզու հատվածում, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո հազարավոր Ռուսաստանի քաղաքացիներ ՌԴ-Վրաստան ցամաքային սահմանին հսկայական հերթ գոյացրին: