Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 22-ին հայտարարել էր սոցիալապես անապահովների համար զբաղվածության նոր ծրագրի մեկնարկի մասին։ Օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հավելեց, որ ծրագրի տարեկան բյուջեն կարող է կազմել 100-150 մլն լարի։
Նշվում է, որ զբաղվածության այս ծրագրի անվանումը կլինի «Հանրային աշխատանքներ»։
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով՝ դիտարկվում է անտառային տնտեսության կամ գյուղատնտեսական հողերի մելիորացիայի ոլորտում հազարավոր մարդկանց աշխատանքի տեղավորում։
«Մարտի 1-ից մեկնարկելիք ծրագրի շրջանակներում մեր նախարարությունը պատրաստ է մի քանի հազար մարդու ներգրավել հասարակական գործունեությանը, առաջարկել նրանց կոնկրետ աշխատատեղեր, որոնք թույլ կտան ակտիվորեն իրացնել իրենց ներուժը»,- ասել է Շամուգիան։
Նշենք, որ առայժմ «Հաշմանդամների զբաղվածություն» և «Հանրային աշխատանքներ» նախագիծը փաստաթղթի տեսքով գոյություն չունի, հետևաբար հայտնի չէ, թե դա ուղղակիորեն ինչ է ներառում կամ խոսում մշտական աշխատանքի կամ ժամանակավոր աշխատանքի մասին, որում կարող են լինել պետական նպաստներ ստացողները։
Անհայտ է նաև, թե արդյոք բուն պետական հատվածում հավելյալ կադրերի կարիք կա, մինչդեռ կենտրոնական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում արդեն աշխատում է մինչև 300 հազար քաղաքացի։
Պատգամավոր Գիորգի Վաշաձեի՝ առողջապահության նախարարությունից պահանջած տվյալների համաձայն՝ 600.000 սոցիալապես անապահովներից աշխատունակ են 302.000-ը, որոնցից 50.000-ը համարվում է աշխատանքի տեղավորված, իսկ 252.000-ը՝ գործազուրկ։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում սոցիալապես անապահով 600 հազար քաղաքացիներից ավելի քան 200 հազարը աշխատունակ է: Վարչապետը հավելել էր, որ սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին կառաջարկվի այնպիսի աշխատանք, որի դիմաց վերջիններս ամսական 300 և ավել լարի աշխատավարձ կստանան։