
Բաթումիի ծայրամասում գտնվող շինհրապարակում, որը հայտնի է որպես «երազանքի քաղաք», օրեր առաջ երկու անչափահաս երեխա է մահացել։ Տեղեկության համաձայն` նրանք 8 տարեկան էին: Բազմաթիվ փորձագետներ ընդգծում են, որ սա միակ դեպքը չէ՝ այս շրջանում ողբերգական ավարտով դեպքերը մտահոգիչ են:
Վրացի փորձագետները «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեցին, որ վերջին տարիների ընթացքում Վրաստանում նկատելիորեն ցածր է անվտանգության մակարդակը, պետությունը ոչ մի կանխարգելիչ քայլ չի անում, հավելյալ բարեփոխումներ չի ձեռնարկում, որպեսզի երկրում տիրող անվտանգության մակարդակը որոշ չափով բարելավվի:
Ըստ փորձագետների՝ պետությունն անցել է իշխանության ղեկին գտնվողների անվտանգության պաշտպանությանը և այլևս չունի քաղաքացիներին հավասարապես պաշտպանելու ռեսուրս կամ ցանկություն. Փորձագետների խոսքով՝ սոցիալական բարեփոխումներ այլևս չեն իրականացվում, ինստիտուտներն ու համակարգերը չեն զարգանում, ինքնակառավարումը չի բարելավվում, և ոչ ոք պատասխանատվություն չի կրում հանցագործությունների համար։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին ասաց, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունը հրաժարվում է բարձրացնել անվտանգության մակարդակը, քանի որ միաժամանակ խրախուսում է հանցագործությունը, բռնությունը, ատելության խոսքը, հարձակումները քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների, ընդդիմության և լրատվամիջոցների վրա.
««Վրացական երազանք»-ը խրախուսում է հանցագործությունը, բռնությունը, ատելության խոսքը, հարձակումները քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների, ընդդիմության և լրատվամիջոցների վրա, նա անցել է իշխանության ղեկին գտնվողների անվտանգության պաշտպանությանը և այլևս չունի քաղաքացիներին հավասարապես պաշտպանելու ռեսուրս կամ ցանկություն»:
Հանրային նախկին պաշտպանը նշեց՝ անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաները հաշվետու են ոչ թե հանրությանը՝ այլ կոնկրետ անձի:
«Օրենքի գերակայությունը նույնպես վերացել է, և որոշ մարդիկ ավելի շատ իրավունքներ ունեն, մյուսները՝ ավելի քիչ։ Սա հիմնովին խաթարում է մարդու անվտանգությունը և օրենքի գերակայությունը»,- նկատեց Նանուաշվիլին:
«Ամենուր բռնություն, ամենուր օլիգարխիա, ամենուր մահ՝ ոչ մի տեղ արդարադատություն, ոչ մի տեղ խաղաղություն և արդարություն չկա». ֆեյսբուքյան գրառման մեջ այսպես է մեկնաբանել վերջին տարիներին Վրաստանում տիրող իրավիճակը «Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն:
- «2015 թվականի մայիսին Քոբուլեթիի «Արմազի» հյուրանոցն այրվել էր, ինչի հետևանքով զոհվեցին երեք դեռահասներ.
- 2018 թվականի փետրվարի 28-ին Թբիլիսիի Բարաթաշվիլիի փողոցում Վրաստանի պետական էլեկտրահամակարգի շենքից ապակի ընկնելու հետևանքով 14-ամյա տղա զոհվեց.
- 2019 թվականի հունվարին Թբիլիսիի «Աֆրիկա» թաղամասում հայտնաբերվել է 12-ամյա երեխայի դի։ 12-ամյա երեխան մտել էր ձորը՝ մետաղի ջարդոն հավաքելու համար, գետինը փլվել է՝ երեխան հայտնվել է գետնի տակ.
- 2021 թվականի հոկտեմբերին Բաթումիում շենքի փլուզման հետևանքով զոհվել է 9 մարդ։ Մահացածների թվում եղել է 3 անչափահաս.
- 2022 թվականի հոկտեմբերի 13-ին 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին մահացել է Թբիլիսիի Վակե զբոսայգու շատրվանի մոտ հոսանքահարվելու հետևանքով.
- 2024 թվականի օգոստոսի 7-ի ուշ գիշերին Զուգդիդի քաղաքի բնակելի շենքի վեցերորդ հարկում գտնվող բնակարանում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետևանքով 2 երեխա է մահացել։ Դեպքի օրը ընտանիքը վճարումներ չկատարելու պատճառով մնացել է առանց լույսի և գազի։ (Ընտանիքը գրանցված է եղել սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում և հանդիսացել է սոցիալական նպաստառու).
- 2025 թվականի հունվարի 5-ին Գալիում տան հրդեհի հետևանքով զոհվել է 5 երեխա։ Այդ տեղահանված ընտանիքն ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ և գտնվում էր բնակարանի սպասման ցուցակում.
- 2025 թվականի հունվարի 25-ին «Ռիկղե»-ի տարածքում 16-ամյա տղա է մահացել.
- 2025 թվականի փետրվարի 16-ին Բաթումիում՝ «երազանքների քաղաք»-ում, երկու երեխա ընկել են ջրափոսը և մահացել։ Երեխաներն այդ տարածքում մետաղի ջարդոն էին հավաքում…»,- շարունակելով դժբախտ պատահարների թվարկումը` Միքելաձեն հետևյալ հարցն է բարձրաձայնում. «Ո՞ւր մնաց ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու ռեժիմի հնարավորությունները»:
Ըստ ՀԿ-ի տնօրենի՝ սոցիալական բարեփոխումներ այլևս չեն իրականացվում, ինստիտուտներն ու համակարգերն չեն զարգանում, ինքնակառավարումը չի զարգանում, կոռուպցիան չի նվազում, և ոչ ոք պատասխանատվություն չի կրում հանցագործությունների համար, քանի որ պետություն չկա։
«Ընդհակառակը, անկախ և արհեստավարժ պետական ծառայողները դուրս են շպրտվում պետական ծառայություններից, իսկ նրանց տեղը զբաղեցնում են կուսակցության ու օլիգարխիայի անգրագետ ու կոռումպացված հավատարիմները»,-գրել է Միքելաձեն: