Սկսվում է խորհրդարանին հարող Ապրիլի 9-ի փողոցի վերանորոգումը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ այսօր՝ հունիսի 13-ին, կսկսվեն խորհրդարանի շենքին հարող Ապրիլի 9-ի փողոցի վերականգնման աշխատանքները։

Ծրագրի շրջանակներում Ռուսթավելիի պողոտայից մինչև Պավլե Ինգորոկվա փողոցը կփոխվեն ստորգետնյա կոմունիկացիաները, կկազմակերպվեն գետնի տակ մալուխային կապուղիներ, կտեղադրվի նոր լուսավորություն, կվերանորոգվեն մայթերը։

Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ կսահմանափակվի Ապրիլի 9-ի փողոցի երթևեկությունը: Ճիճինաձեի փողոցում արգելվելու է մեքենաների կայանումը, երկկողմանի երթևեկությունը կպահպանվի։ Չիտաձեի փողոցով մեքենաները կերթևեկեն միայն Ճոնքաձեի փողոցի ուղղությամբ։

Կալաձեի խոսքով, աշխատանքն ամբողջությամբ կավարտվի հուլիսին։

Ի դեպ, այն բանից հետո, երբ ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» երկրորդ անգամ նախաձեռնեց «գործակալների օրենքը», շուրջ երկու ամիս խորհրդարանի մոտ ընթացող բողոքի ցույցերի ժամանակ հաճախ փակ էր լինում նաև Ապրիլի 9-ի փողոցը: