Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ մրցակցային գործակալությունը ուսումնասիրում է վառելիքի գները, և եզրակացությունը կլինի մայիսի 15-ին։
Ըստ վարչապետի՝ տեղեկություններ կան, որ շատ ներկրողներ սկսել են համեմատաբար էժան վառելիք ներկրել Վրաստան, սակայն երկրում գների վրա այն դեռ չի արտացոլում։
«Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է մոնիտորինգ ունենալ, որից հետո համապատասխան եզրակացություններ կանենք»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նշենք նաև, որ այսօր կայացած կառավարության նիստից հետո ճեպազրույցում ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին վառելիքի գների հետ կապված պարզաբանում է տվել՝ նշելով, որ ընկերությունները նավթի ներկրման համար պայմանագրեր են կնքել շատ ավելի ցածր գներով, քան մի քանի ամիս առաջ կնքված պայմանագրերը, ուստի այն պետք է արտացոլվի տեղական շուկայում։
Նախարարի խոսքով՝ այդ պատճառով էլ մրցակցության գործակալությանը հանձնարարվել է ուսումնասիրել հարցը, որից հետո կառավարությունը հնարավորություն կունենա «խոսել այն մասին, թե ինչ կարող է անել»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ սանձազերծելուց հետո Վրաստանում նավթի գները բարձրացել են ռեկորդային մակարդակի։