
Վրաստանի նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի (ՆԳ) նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովում իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանին և այլ առաջնորդներ ի սկզբանե համաձայնել են հետաձգել Նիկա Մելիայի ձերբակալությունը։
Սակայն, Գախարիայի խոսքով, թվում է, թե «անտեսանելի մարդը»՝ Բիձինա Իվանիշվիլին, «ներքաշվել է գործընթացների կառավարման մեջ», «դուք բոլորդ մտափոխվեցիք, ուղիղ մեկ ժամում` ձեզանից յուրաքանչյուրը, բոլորդ անհետացաք»։
Ապրիլի 14-ի երեկոյան «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը «սքրինշոթներ» է հրապարակել WhatsApp-ի չաթից, որն, ըստ հեռուստաալիքի՝ արտացոլում է այն ժամանակվա վարչապետ Գիորգի Գախարիայի հիմնավորումը և քաղխորհրդի անդամների արձագանքները։
Ըստ այդ «սքրինշոթերի»՝ 2021 թվականի փետրվարի 17-ին, ժամը 23:59-ին՝ իր հրաժարականի նախորդ օրը, Գիորգի Գախարիան հիմնավորել է, թե ինչու Նիկա Մելիային չեն կարող անհապաղ ձերբակալել «Միացյալ ազգային շարժման» գրասենյակում։
Ըստ «սքրինշոթերի»-ի՝ Գախարիան այդ պայմաններում Մելիայի կալանավորումը համարել է «չափազանց անհիմն» և «անհիմն բարձր ռիսկայնություն», քանի որ.
- «Ոստիկանությունը փակ շենքում նման գործողություններ իրականացնելու փորձ չունի», «ավելորդ ուժի բազմաթիվ դեպքեր կունենանք», «բոլորս շատ լավ հասկանում ենք, որ նման պայմաններում ընդդիմադիր կուսակցության գրասենյակում հատուկ գործողության անցկացումը չի կարող համարվել համաչափ գործողություն, որը կհանգեցնի միջազգային չափազանց կոշտ արձագանքի», «եթե ձերբակալման օպերացիան սխալ իրականացվի, մենք Մելիային հերոսացնելու ենք և նրան տալու ենք քաղաքական առավելություն, որն այսօր ընդդիմությունը պարզապես չունի» և այլն։
«Սքրինշոթեր»-ից երևում է, որ այս նամակին ի պատասխան Թեա Ծուլուկիանին գրել է. «Լիովին համաձայն եմ»։
Ահա այլ քաղաքական գործիչների և Քաղաքական խորհրդի անդամների հավանական պատասխանները.
- Սոզար Սուբարի. «100% ճիշտ է, ես հենց դա էի մտածում այսօր»:
- Ծուլուկիանին, ենթադրաբար՝ կատակելով. «Արդարադատության նախարարը կարող է հրաման արձակել և քրեակատարողական հիմնարկի համար հատկացնել այս գրասենյակը»:
- Խորհրդարանական Նիկա Սամխարաձե. «Ես լիովին համաձայն եմ»:
- Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձե. «Բացարձակապես» (ոճը պահպանված է — հեղ.)
Վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին «Վրաստանի համար» կուսակցության մամուլի կենտրոնից հայտնել են. «Գիորգի Գախարիան վաղուց ջնջել է այդ չաթերը և չի կարող ստուգել դրանք»։
Բովանդակության վերաբերյալ հարցին կուսակցությունը չի արձագանքել։ «Վրացական երազանք»-ը դեռևս չի մեկնաբանել։