Այսօր՝ հունիսի 8-ին, Թբիլիսիում առաջին անգամ մեկնարկել է «Սկանդինավյան օրեր» փառատոնը, որը կտևի մինչև հունիսի 9-ը։ Միջոցառման նպատակն է Վրաստան հասցնել սկանդինավյան մոտեցումները՝ ուրբանիզմի, տեխնոլոգիայի, ակտիվ քաղաքացիության, նորարարության, գրականության և բազմաթիվ այլ ուղղություններում։
Երկու օրերի ընթացքում կներկայացվեն ցուցահանդեսներ, կլինեն ֆորումներ, հանդիպումներ երիտասարդների համար, երեկոյան կմեկնարկի ջազ համերգ, կլինի կինոդիտում։ Միջոցառմանը կկազմակերպվի նաև գարեջրի համտես։
Երիտասարդական պանելային հանդիպումը, որի թեման դրական փոփոխություններն էին, խոսնակներից մեկի խոսքով նպատակ ուներ բացահայտել երիտասարդների համագործակցության փոխակերպող ուժը:
Թբիլիսիի «Ֆաբրիկա» ժամանցային համալիրում ամբողջ օրվա ընթացքում ընթանում էր նաև նորաձևության արդյունաբերության կայուն ապագայի մասին ցուցահանդես։
«Մենք այս ցուցասրահում ունենք լուսանկարներ, որոնք պատկերում են նորաձևության արդյունաբերության զարգացման փուլերը Շվեդիայում, կարծում եմ Վրաստանի ժողովրդի համար հետաքրքիր է տեղեկանալ այդ մասին։ Ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է», — նշեց ցուցասրահի ներկայացուցիչը։
Սկանդինավյան փառատոնի կազմակերպիչները Վրաստանում սկանդինավյան երկրների դեսպանություններն են։ Տեղեկության համաձայն, որը նշված է փառատոնի մասին հաղորդագրությունում՝ սկանդինավյան երկրների արժեքները հիմնված են հավասարության, կայունության, նորարարության, ազատության և ժողովրդավարության սկզբունքների վրա։ Հիշյալ երկրներն աշխարհում առաջատար դիրքեր են զբաղեցնում տնտեսական, բնապահպանական և սոցիալական կայունության, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից։