Սկանդինավյան-Բալթյան երկրները Վրաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ Վրատսանի անկախության վերականգնումից ի վեր աջակցություն են հայտնում Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը:
Հայտարարության համաձայն, անցյալ տարվա դեկտեմբերին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելով՝ Եվրամիությունը ցույց տվեց, որ աջակցում է վրաց ժողովրդի ձգտումներին։ Վրաստանին հստակ ճանապարհ տրվեց՝ սկսել անդամակցության բանակցությունները և հետագայում միանալ Եվրամիությանը։ Սակայն, ըստ նրանց՝ վերջին ժամանակներս վրացական իշխանություններն ընտրել են մտահոգիչ հետագիծ, որը խոչընդոտում է Վրաստանի եվրոպական ապագան։
««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որն այժմ քննարկվում է Վրաստանի խորհրդարանում, անհամատեղելի է եվրոպական նորմերին ու արժեքներին։ Օրենքն ընդունվելու դեպքում կարող է օգտագործվել լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին լռեցնելու համար, որոնք կենսական դեր են խաղում Վրաստանին ԵՄ անդամակցության ճանապարհին: Վրաստանի իշխանությունների հայտարարությունները՝ կապված վրացական օրինագծի՝ ԵՄ օրինագծի նմանության հետ, անհիմն են և տարակուսելի։ Կոչ ենք անում Վրաստանի քաղաքական ղեկավարությանը վերանայել օրենքի նախագծի ընդունման հետ կապված որոշումը»,- նշված է հայտարարության մեջ:
Նրանք նաև ընգծել են՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը Վրաստանի և նրա ժողովրդի ինքնիշխան ընտրությունն է. «Եվրամիությանն անդամակցելու ցանկության համար նախադրյալների կատարումը Վրաստանի իշխանությունների պարտականությունն է։ Վրաստանի կառավարության հակաարևմտյան հռետորաբանությունը լուրջ վտանգի տակ է դնում Վրաստանի եվրոպական ընտրությունը։ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը Վրաստանին տրվել է 9 քայլ կատարելու համաձայնագրի հիման վրա։ Այս փուլում վրացական իշխանությունները որևէ առաջընթաց չեն գրանցել նշված քայլերի կատարման հարցում։
Մենք մեծ ցանկություն ունենք տեսնելու Վրաստանի հաջողությունը եվրոպական և եվրատլանտյան ճանապարհին, քանի որ դա վրաց ժողովրդի ճնշող մեծամասնության ցանկությունն է»:
Հայտարարության հեղինակ երկրները հույս են հայտնել, որ Վրաստանի կառավարությունը կօգտագործի ԵՄ-ի ուժեղացված ընդլայնման գործընթացի արդյունքում ստեղծված այս պատմական հնարավորությունների պատուհանը, և Վրաստանը կվերադառնա Եվրամիությանն անդամակցելու ուղուն։
Ի դեպ, 2024 թվականի մայիսի 1-ին, չնայած բազմահազար բողոքի ցույցերին, խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «գործակալների օրենքը»։ Մնում է վերջին՝ երրորդ ընթերցումը: Օրենքը վերաբերում է Վրաստանի բոլոր հասարակական կազմակերպություններին և բազմաթիվ լրատվամիջոցների: Օրինագիծը խորհրդարան վերադարձվելուց հետո Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել։
Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։