Սկանդինավյան երկրների արտաքին գործերի նախարարները միասնական հայտարարություն են տարածել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և միացել ընտրությունների հետաքննության անցկացման կոչերին։
«Մենք՝ սկանդինավյան երկրներս, միանում ենք Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ կապված բացահայտված խախտումների մանրակրկիտ և անաչառ հետաքննություն անցկացնելու միջազգային կոչերին։ Պետք է չեզոքացնել ընտրական գործընթացի վստահելիությունը ստվերող կասկածները։
Սկանդինավյան երկրները վճռականորեն աջակցել են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման նպատակին, որը հիմնված է ընդհանուր հիմնարար արժեքների վրա։
Վերջին ժամանակաշրջանում մենք մտահոգությամբ ենք հետևում Վրաստանի քաղաքական կուրսին։ Վրաստանի կառավարության վարած քաղաքականությունը և ընդունված օրենքներն օրեցօր շեղվում են եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման նպատակների համապատասխան ուղուց։ Օրենքի գերակայության պաշտպանությունը և ժողովրդավարական ընտրություններն էական նշանակություն ունեն Վրաստանի՝ ԵՄ ինտեգրման առաջընթացի համար:
Մենք՝ սկանդինավյան երկրների արտաքին գործերի նախարարներս, անկեղծորեն հույս ունենք, որ Վրաստանը կվերադառնա այն ճանապարհին, որը նրան կտանի իր արժանի տեղը եվրոպական և եվրատլանտյան ընտանիքում։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և գնահատել Վրաստանի կառավարությանը՝ ըստ իրենց գործողությունների»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները։