Սկանդալ Evolution Gaming Georgia-ի շուրջ. աշխատակիցները գործադուլի են պատրաստվում

Evolution Gaming Georgia ազարտային խաղային ընկերության աշխատակիցները պայքարում են արժանապատիվ աշխատանքային միջավայրի և վարձատրության համար։

Evolution Gaming Georgia-ի աշխատակիցն անանուն կերպով «Մաուծկղեբելի» առցանց մեդիա հարթակին է տրամադրել ընկերության մենեջերների նամակ-հաղորդագրությունները, որտեղ ակներև է աշխատակիցների նկատմամբ նվաստացուցիչ ու վիրավորական վերաբերմունքը։

Evolution Gaming Georgia-ն արձագանքել է վերոնշյալ հաղորդագրություններին: Ընկերության հաղորդագրության մեջ կարդում ենք. «Ձեռնարկվել են համապատասխան գործողություններ՝ խնդրի աղբյուրը պարզելու և ամենախիստ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ»։

Ընկերության հայտարարության մեջ ոչինչ չի ասվում աշխատողների համար արդար, արժանապատիվ աշխատանքային միջավայրի ստեղծման և վարձատրության պահանջների մասին։

Աշխատողների և ընկերության միջև ընթացող միջնորդական գործընթացի ընթացքում Evolution Gaming Georgia-ն հրաժարվել է հաշվի առնել աշխատակիցների պահանջները։ Աշխատողները պատրաստվում են լայնածավալ գործադուլի: Գործադուլի մասին տեղեկությունը նրանք կտարածեն հուլիսի 5-ին։