Սիրիայից դուրս բերվող ԱՄՆ զորքն ուղարկել Ախալքալաք. Լյուք Քոֆիի առաջարկը

Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին Twitter-ի իր էջում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում:

Նրա հայտարարությամբ «Իսլամական պետության» վերականգնման դեպքում սա հնարավորություն կտա արագ արձագանքել:

«ԱՄՆ-ի զինված ուժերը, որ լքում են Սիրիան, կարող են ուղարկվել Վրաստան՝ դառնալով «հորիզոնից այն կողմ» ուժը, որը «Իսլամական պետության» վերականգնման դեպքում արագ հակահարված կտա: ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազան, որը Ռաքքայից ընդամենը 740 կմ հեռավորության վրա է գտնվում: Այժմ Վրաստանն ավելի հուսալի է, քան Իրաքը»,- իր միկրոբլոգում գրել է Լյուք Քոֆին:

Հատկանշական է նաև, որ ամերիկյան հիմնադրամի փորձագետը բազմիցս հանդես եկել արագացված կերպով Վրաստանի ՆԱՏՕ-ում անդամագրվելու նախաձեռնություններով: