2023 թվականի վերջին երեք ամսում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նվիրատվությունները կտրուկ աճել են և կազմել գրեթե 9,5 մլն լարի, ինչը կազմում է վրաստանյան բոլոր կուսակցությունների ստացած նվիրատվությունների 93 տոկոսը։
Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) զեկույցում, որը վերանայում է կուսակցությունների նվիրատվությունները 2023 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ TI-ի՝ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները ստացել են մինչև 700 հազար լարիի նվիրատվություն։ Բացի այդ, իշխող կուսակցության ստացած նվիրատվությունը 13 անգամ ավելի է, քան մյուս բոլոր կուսակցություններինը միասին։
Կազմակերպության տվյալներով՝ «Վրացական երազանք»-ին գումար է նվիրաբերել 284 անձ, 130-ը՝ մյուս կուսակցություններին։
Ինչ վերաբերում է դոնորների հետ կապված ընկերությունների գնումներին և պետական ծրագրերին մասնակցությանը, կազմակերպությունը պարզել է, որ նախորդ տարվա երկրորդ կիսամյակում ավելի քան 200 մլն լարիի տենդերներ են շահել «Վրացական երազանք»-ի հետ առնչվող 12 ընկերություններ։ 2013 թվականից ի վեր նույն ընկերությունները շահել են ավելի քան 1,7 միլիարդ լարիի տենդերներ։
Բացի այդ, իշխող կուսակցության դոնորների հետ առնչվող 24 ընկերություններ 2023 թվականի երկրորդ կիսամյակում ստացել են 616 հազար լարիի պարզեցված գնումների պայմանագրեր, իսկ 2013 թվականից նույն ընկերությունները ստացել են ավելի քան 10 միլիոն լարիի պայմանագրեր։
TI-ն պարզել է, որ նույն ժամանակահատվածում ընդդիմադիր կուսակցությունների դոնորների հետ առնչվող ոչ մի ընկերություն չի հաղթել մրցույթում, մինչդեռ պարզեցված գնումների պայմանագրեր են ստացել 3 ընկերություններ՝ 15 հազար լարի ընդհանուր արժեքով։
Ավելին՝ TI-ի զեկույցում: