Շուրջ 20 լրագրող՝ հատուկջոկատայինների թիրախում

2024 թվականի նոյեմբերի 28-ին-29-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում դիմակավորված հատուկ ջոկատայիններն ու ոստիկանները թիրախավորել են ավելի քան 20 լրագրողների և օպերատորների։ Այդ մասին հայտնել է Վրաստանի «Մեդիաօմբուդսմեն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

Նշվում է՝ պետության ներկայացուցիչները ցրել են հանրահավաքի մասնակիցներին։ Նշված հանցագործությունների արձանագրման գործընթացում դաժան բռնության են ենթարկվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։

«Տեղեկատվության հասանելիությունը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է։ Վրաստանի Քրեական օրենսգրքի համաձայն՝ լրագրողական գործունեությանը անօրինական միջամտությունը պատժելի արարք է։ Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է ժամանակին հետաքննել բացահայտված հանցագործությունները» , — նշել է «Մեդիաօմբուդսմեն»-ը:

Թբիլիսիում և երկրի մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ:

Լուսաբացին հատուկջոկատայինները բռնի ուժով ցրել են ցույցը: