Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված Ախմաջի գյուղի (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիա) մոտ, այսպես կոչված, սահմանը խախտելու մեղադրանքով Վրաստանի քաղաքացու են ձերբակալել։ Տեղեկությունը տարածում է Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։
Ըստ հաղորդագրության՝ միջադեպի մասին տեղեկությունը ստանալուց հետո ակտիվացել է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։ Անօրինական կալանավորման ևս մեկ փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։
«Ակտիվացվել են բոլոր առկա մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար։ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն կողմը»,- նշված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ:
Ըստ radiotavisupleba.ge լրատվականի՝ ձերբակալվածը տեղի բնակիչ չէ, և նա Թբիլիսիից է ժամանել օկուպացված Ախալգորիի շրջան։ Օկուպացված Ախմաջին գտնվում է Ախալգորիի սահմանին. ռուսական օկուպացիոն ուժերն այստեղ ռազմաբազա ունեն։
Այս պահին Հարավային Օսիայի բանտում և մեկուսարանում է գտնվում Վրաստանի 6 քաղաքացի։