Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանում գտնվող Դիսևի գյուղի մոտակայքում ռուսական ուժերը անօրինական կերպով ձերբակալել են Վրաստանի քաղաքացի Լաշա Խեթերելիին։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) տվյալներով, դեպքի մասին տեղեկություն ստանալուն պես ակտիվացել է ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։
«Միջազգային գործընկերները և Ժնևում միջազգային քննարկումների համանախագահներն անմիջապես տեղեկացվել են միջադեպի մասին: Գործարկվել են բոլոր գործող մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար»,- նշել են ՊԱԾ-ից։
ՊԱԾ-ը նշել է՝ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն տերությունը։
Ի դեպ, Խեթերելին Հարավային Օսիայի բանտից ազատ է արձակվել այս տարվա փետրվարի 28-ին։ Նա մի քանի անգամ ապօրինի բերման է ենթարկվել օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կողմից։
Ներկայում Հարավային Օսիայի բանտում անօրինական բանտարկված է Վրաստանի 8 քաղաքացի։