
Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի շփման գծի մոտ գտնվող Բերշուետի գյուղում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից հոկտեմբերի 19-ին ապօրինաբար ձերբակալված Վրաստանի քաղաքացի Թամազ Գլուրջիձեն ազատության մեջ է, հայտնում Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):
ՊԱԾ-ի փոխանցմամբ, ապօրինի բերման ենթարկելու մասին տեղեկությունը ստանալուն պես անմիջապես գործարկվել է թեժ գիծը և ակտիվացել են կենտրոնական իշխանության տրամադրության տակ գտնվող բոլոր մեխանիզմները։
«Տեղեկությունը փոխանցվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։ Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։ Կենտրոնական իշխանությունը միջազգային գործընկերների հետ շարունակում է ակտիվորեն աշխատել բռնազավթած Հարավային Օսիայի շրջանում և Աբխազիայում անօրինական կալանքի տակ գտնվող բոլոր անձանց ազատ արձակելու ուղղությամբ», — հայտնել են ՊԱԾ-ից: