Շփման գծում ձերբակալված քաղաքացիներն ազատ են արձակվել

Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում (Ցխինվալի) ապօրինի ձերբակալված Խաջարաթ Ախվլեդիանին և Գիորգի Ռոմելաշվիլին ազատ են արձակվել, գտնվում են Վրաստանի կառավարության կողմից վերահսկվող տարածքում, տեղեկացրել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):

ՊԱԾ-ից հայտնել են՝ Ախվլեդիանիին և Ռոմելաշվիլիին ազատ արձակելու գործընթացում կիրառվել են ինչպես «թեժ գծի» մեխանիզմը, որը գործում է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) անմիջական մասնակցությամբ, այնպես էլ կենտրոնական իշխանության բոլոր համապատասխան գործիքները։

«Վրաստանի կենտրոնական կառավարությունը մշտապես տեղեկատվություն էր տրամադրում միջազգային գործընկերներին։

Հարցը բարձրացրել է Վրաստանի կենտրոնական կառավարությունը Ժնևի միջազգային քննարկումների (GID) և Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) ձևաչափերով»,- նշված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ:

Շեշտվում է՝ Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։

Ըստ ՊԱԾ-ի՝ Վրաստանի կառավարությունը միջազգային գործընկերների հետ միասին կշարունակի ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու համար:

Ախվլեդիանին Քարելիի մունիցիպալիտետի Դիրբի գյուղի բնակիչ է, նա ձերբակալվել է փետրվարի 28-ին Քարելիի Տախտիսձիրի գյուղի մոտ, իսկ գորեցի Ռոմելաշվիլին՝ հունիսի 8-ին Ցխինվալիի մոտ։ Նրանք մեղադրվում էին, այսպես կոչված՝ սահմանը ապօրինի հատելու համար: