Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից օկուպացված Հարավային Օսիայի Զեմո Արցևի գյուղի մոտ ապօրինի կերպով ձերբակալված Փրիդոն Փակաուրին ազատության մեջ է։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ Փակաուրին արդեն գտնվում է Վրաստանի իշխանության կողմից վերահսկվող տարածքում:
ՊԱԾ-ը պնդում է՝ Փակաուրիի ազատ արձակման գործընթացում ակտիվորեն օգտագործվել են ինչպես «թեժ գծի» մեխանիզմը, որը գործում է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) ներքո, այնպես էլ Վրաստանի իշխանության տրամադրության տակ գտնվող բոլոր համապատասխան գործիքները։
«Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։
Կենտրոնական (Վրաստանի-հեղ.) կառավարությունը միջազգային գործընկերների հետ կշարունակի ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում անօրինական բանտարկված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու համար»,- ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։
Փակաուրին օկուպացիոն ուժերի կողմից ձերբակալվել էր սեպտեմբերի 19-ին։
Օկուպացված Զեմո Արցևի գյուղը սահմանակից է Վրաստանի կառավարության կողմից վերահսկվող Աձվի և Ախալուբանի գյուղերին, և այս տարածքում քաղաքացիների ձերբակալությունների դեպքերը հաճախակի են։
Վերջին միջադեպը շփման գոտում տեղի էր ունեցել սեպտեմբերի 24-ին: