Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից զավթված Ախմաջի գյուղի (Ախալգորիի մունիցիպալիտետ — հեղ.) մոտ ապօրինաբար ձերբակալված Ալեքսի Ադեիշվիլին ազատ է արձակվել և գտնվում է կենտրոնական (Վրաստանի — հեղ.) կառավարության կողմից վերահսկվող տարածքում։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։
Ըստ ՊԱԾ-ի՝ Ադեիշվիլիին անօրինական բանտարկությունից ազատելու գործընթացում ներգրավված էր Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) անմիջական մասնակցությամբ գործող «թեժ գծի» մեխանիզմը, ինչպես նաև կենտրոնական իշխանությունների տրամադրության տակ եղած բոլոր համապատասխան գործիքները։ Վրաստանի կենտրոնական կառավարությունը մշտապես տեղեկատվություն է տրամադրել միջազգային գործընկերներին։
«Հարցը բարձրացրել է Վրաստանի կենտրոնական կառավարությունը Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) ձևաչափի շրջանակներում կայացած հանդիպումներում։ Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։
Կենտրոնական կառավարությունը միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում անօրինական կալանավորված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ»,- հայտնել են ՊԱԾ-ից: