Շփման գծում ձերբակալված երկու քաղաքացի է ազատ արձակվել

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Քվեմո Նիքոզի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Ալեքսի Մամուլիան և Իվանե Ջափիաշվիլին ազատ են արձակվել և գտնվում են Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքում, տեղեկացրել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):

Մինչ այդ օկուպացված Ցխինվալիի շրջանի «Անվտանգության կոմիտեն» հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «վրացական կողմին են հանձնել երկու սահմանախախտի»: Ըստ նրանց՝ Մամուլիան և Ջափիաշվիլին ձերբակալվել են 2024 թվականին «պետական ​​սահմանը խախտելու մեղադրանքով»։

Դեկտեմբերի վերջին դե ֆակտո կառավարության տարածած հայտարարության մեջ ասվում էր, թե «Վրաստանի քաղաքացիները Ուկրաինայի պատերազմում ռուսական կողմից կռվող Վլադիմիր Մամարդաշվիլիին փորձել են օգնել հատել սահմանը»։

Վրաստանի ՊԱԾ-ը երկու քաղաքացու ձերբակալության մասին տեղեկությունը տարածել էր դեկտեմբերի 26-ին: ՊԱԾ-ը չի մեկնաբանել դե ֆակտո «Անվտանգության կոմիտե»-ի վերոնշյալ տեղեկությունը, միայն հայտնել է, որ «թեժ գծի» միջոցով բանակցություններ են ընթանում ձերբակալվածներին ազատ արձակելու համար։

Ներկայումս Ցխինվալիի բանտում գտնվում է Վրաստանի վեց քաղաքացի։