Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում գտնվող օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Հարավային Օսիայի մեկուսարանից ազատ են արձակել Վրաստանի ևս երկու քաղաքացու։
Վլադիմիր Ջոխաձեն և Մալխազ Տիելիձեն ձերբակալվել էին Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի գերեզմանատան շրջակայքում. նրանք մեղադրվում էին դե ֆակտո սահմանը խախտելու մեջ։
Մինչ վերջիններիս ազատ արձակելը, Հարավային Օսիայի իշխանություններն ազատ էին արձակել նաև Մեջվրիսխևի գյուղի անչափահաս քաղաքացուն. երեքն էլ ձերբակալվել էին նոյեմբերի 1-ին և տեղափոխվել Հարավային Օսիայի կալանավայր։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով, ներկայում Հարավային Օսիայի բանտում և քննչական մեկուսարանում են գտնվում Վրաստանի չորս քաղաքացիներ, որոնցից մեկը՝ Մամուկա Չխիկվաձեն, նախկին զինծառայող է։ Նրանց ազատ արձակելու հարցը Վրաստանի կառավարությունը կբարձրացնի միջադեպերի կանխման և արձագանքման մեխանիզմի հանդիպման շրջանակներում, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 10-ին։