Վրաստանի կառավարությունը միանվագ 20 հազար լարի կտրամադրի Ռաճայում և Գուրիայում աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ այն քաղաքացիներին, ովքեր աղետի հետևանքով զրկվել են տներից կամ նրանց տները դարձել են ոչ պիտանի, կապահովվեն այլ բնակարաններով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի հայտարարությունից սակայն, երևում է, որ դեռ հստակեցված չէ, թե բնական աղետից տուժածներն ինչպես են վերաբնակեցվելու։ Մասնավորապես, հայտնի չէ՝ կառավարությունն ինքը կգնի նրանց համար տներ, կկառուցի՞, թե՞ գումարը կփոխանցի։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին Ռաճայի մունիցիպալիտետի Շովի բնակավայրի մոտ տեղի է ունեցել սողանք, որի հետևանքով զոհվել է 32 մարդ։ Աղետի ժամանակ կորած մեկ երեխայի որոնումները դեռ շարունակվում են։
Գուրիայում՝ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած սողանքի և ջրհեղեղի հետևանքով զոհվել է երեք մարդ, ավերվել է առնվազն 10 տուն։