Այսօր` հունիսի 15-ի առավոտյան հայտնի դարձավ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից զանգվածաբար ջնջվում է Վրաստանի Շովի հանգստավայրում անցալ տարի տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ տեղեկությունները, որտեղ նշվում է նաև իշխանությունների «անգործության» ու կոռուպցիոն ռիսկերի մասին։
«Մթիս ամբեբի» լրատվամիջոցը հունիսի 15-ին հայտարարություն է տարածել, ըստ որի` իրենց ֆեյսբուքյան էջից զանգվածաբար ջնջվել է Շովիի ողբերգության, Ճիաթուրայի էկոլոգիական աղետի, Ռաճայի անտառների «օկուպացման», Բալդիի կիրճի, Պահպանվող տարածքների գործակալությունում կոռուպցիայի և այլնի վերաբերյալ հետաքննական ֆիլմերը և նշված թեմաներին առնչվող նյութերը։
«Մենք փորձում ենք պարզել տեղի ունեցածը և համապատասխան արձագանքել», — գրում է լրատվամիջոցը։
Ուշագրավ է, որ «Մթիս ամբեբի»-ի տարածած գրառումները ջնջվում էին ոչ միայն լրատվամիջոցի պաշտոնական էջից, այլև այն օգտատերերի անձնական էջերից, ովքեր տարածել են այդ նյութերը։ Դեպքից որոշ ժամանակ անց` կարճ ժամանակով, անհասանելի էր նաև լրատվամիջոցի կայքը. կայքի աշխատանքը որոշ ժամանակ անց վերականգվել է։
Օրվա երկրորդ կեսին արդեն «Մթիս ամբեբի»-ի հիմանդիր Գելա Մթիվլիշվիլին հայտարարություն տարածեց` նշելով, որ Meta-ի (Ֆեյսբուքի) հետ արագ և արդյունավետ բանակցություններից հետո որոշ նյութեր արդեն վերականգնվել են։
Շովիի ողբերգության հետ կապված նյութերը ջնջվել են նաև «Կոմերսանտ» ռադիոյի էջից։
Նշենք նաև, որ որոշ դեպքերում նյութը ջնջելու պատճառ էր նշվել «կիբեռանվտանգությունը»։
Ընդգծենք. «Մթիս ամբեբի»-ն բազմիցս հայտնվել է Վրաստանի իշխանությունների հարձակումների թիրախում։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրատվամիջոցից պարզաբանումներ էր պահանջել` Շովիի ողբերգության վերաբերյալ հետաքննական հոդվածով ԵՄ-ի մեդիա մրցույթին մասնակցելու կապակցությամբ։
Մթիվլիշվիլին «գործակալների օրենքի» ընդունմանը զուգահեռ ընթացող ատելության արշավի թիրախներից մեկն էր։ Այս քարոզարշավի թիրախում էին` ակտիվիստները, լրագրողները, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները, օրենքին դեմ քաղաքացիները։