Շովիի ողբերգության վայրում եկեղեցի կկառուցվի. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտնել է, որ առաջիկա օրերին պատրաստ է հանդիպել Շովիի ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքների անդամներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ անձանց և խոսել հետաքննության արդյունքների մասին։  Նա նաև հավելել է, որ մասնակիցները հնարավորություն կունենան լսելու փորձագետներին, կքննարկվեն նաև լրացուցիչ հարցեր:

Վարչապետի խոսքով, Շովիում տեղի ունեցած ողբերգության վայրում եկեղեցի կկառուցվի:

«Դա շատ մեծ ողբերգություն էր, որը ցնցեց ողջ երկիրը, և մեր պարտքն է այսօր ցուցաբերել առավելագույն ուշադրություն ու կարեկցանք: Որոշակի պահանջներ կան տարածքի հետ կապված, կառավարությունը կարևորում է դրանք: Ամեն ինչ կարվի բոլոր պահանջների իրականացման համար։ Սա փոքրիկ մխիթարանք է այն մարդկանց նկատմամբ, որոնք հարազատներ են կորցրել»,- ասել է վարչապետը։

Նշենք, որ Իրակլի Կոբախիձեն Շովի է այցելել խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի, նախարարների, օրենսդիր և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Նինոծմինդայի եկեղեցական թեմի առաջնորդ Վախթանգ եպիսկոպոսը օրհնել է 13 ասորիների անունը կրող եկեղեցու հիմնաքարի տեղադրումը։ Շովիում կկառուցվի նաև աղետի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող։

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 3-ին Ռաճայի շրջանի Շովի հանգստավայրի տարածքում սողանք է տեղի ունեցել։ Աղետի հետևանքով զոհվել է 33 մարդ, մեկ անչափահասի մարմինը մինչ օրս համարվում է անհետ կորած։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության եզրակացության համաձայն՝ Շովիում ահազանգման համակարգի կազմակերպումը չի կարող արդյունավետ լինել հետևանքների կանխման առումով։ Միաժամանակ, ըստ եզրակացության, աղետի գոտու Բուբիսծղալի գետի հովտում (26 հա) արգելվել է կառուցել որևէ նոր կառույց և շահագործել առկա շենքերը։