Հոկտեմբերի 1-ից Թբիլիսիում ուժի մեջ մտավ օրենքը, որի համաձայն, մայրաքաղաքում երթևեկող բոլոր տաքսիները պետք է լինեն սպիտակ գույնի: Թեև, այս մասին հայտարարվել էր դեռևս 2018 թվականին, երբ քաղաքապետարանը տաքսիների «բարեփոխման» նախագիծ ներկայացրեց, այնուամենայնիվ, հոկտեմբերի 1-ից Թբիլիսիում սկսեցին պայքարել վերոնշյալ կարգավորման դեմ: Քաղաքում տաքսիների փոխարեն հանդիպեցին «կաքսիներ», «շմաքսիներ» և այլն: Սակայն, ավտոմեքենայի գույնը, իրականացված «բարեփոխումների» միակ պահանջը չէ: Ըստ քաղաքապետարանի ընդունած որոշման, (որը, ի դեպ, վերաբերում է ոչ միայն տաքսիներին, այլ նաև հասարակական տրանսպորտին) Թբիլիսիում տաքսիները պետք է գրանցված լինեն և անցնեն տեխզննում: Ղեկը պետք է լինի միայն ձախակողմյան և մեքենան պետք է 4 դուռ ունենա:
Քաղաքապետարանի դիրքորոշումը
Թբիլիսիի քաղաքապետարանը պնդում է, որ նշված կարգավորումներն անհրաժեշտ են տրանսպորտային համակարգը բարելավելու համար: Քաղաքում երթևեկող տաքսիների քանակը իմանալու համար, քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ պետք է պաշտոնապես գրանցել բոլոր տաքսիները, իսկ վարորդները, այդ գրանցման համար վճարել են 100-ական լարի, (հիբրիդների դեպքում` 50, իսկ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների գրանցումն անվճար է): Միայն ձախակողմյան ղեկով և 4 դուռ ունեցող մեքենաների վերաբերյալ ընդունած որոշումը քաղաքապետարանի պնդմամբ, կայացվել է «ելնելով ուղևորների անվտանգության նկատառումներից»: Միևնույն ժամանակ, գրանցված տաքսիները մի շարք առավելություն են ստանում` անվճար կայանատեղի, մեքենայի վրա գովազդ տեղադրելու հնարավորություն և ազատվում են եկամտահարկից:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, վիզուալ կողմը քաղաքի տեսքի համար շատ կարևոր է:
«Էսթետիկորեն կարգավորված տաքսիները հաճույք կպատճառեն ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին»,- պնդել է նա:
Տաքսու վարորդը, կարող է գնալ մրցույթի միջոցով հաղթած կազմակերպություն, որը զբաղվում է տաքսիների ներկրմամբ, վերցնել կտրոն և այդ կտրոնով կարող է մեքենան սպիտակ ներկել ցանկացած վայրում: Վարորդը որևէ գումար չի ծախսելու վերնոշյալ գործողության համար, սակայն մի շարք պարտականություններ է վերցնում իր վրա: Մասնավորապես` երկու տարվա ընթացքում անվճար գովազդ տեղադրել մեքենայի վրա և զրկվում է մեքենան առաջիկա 2 տարիների ընթացքում վաճառելու իրավունքից:
Հատկանշական է նաև այն, որ քաղաքապետարանը տաքսիները բաժանել է երկու կարգի` «Ա» և «Բ»: «Ա»-ն սպիտակ ներկված տաքսիներն են, որոնք իրավունք ունեն տաքսու նշաններ ունենալ, իսկ «Բ»-ն` այլ գույնի մեքենաներն են, որոնք թեև իրավունք չունեն տաքսու նշաններ կրելու, սակայն կարող են աշխատել տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպություններում և միայն զանգի կամ բջջային հավելվածների միջոցով են կարող պատվերներ ստանալ:
Շմաքսիստներ
Հոկտեմբերի 1-ից քաղհասարակությունը քննադատում է քաղաքապետ Կախա Կալաձեին` տաքսիների կարգավորումներն ընդունելու համար: Ըստ պաշտոնական տվյալների, Թբիլիսիում գրանցված մոտ 30 հազար տաքսիստների միայն մոտ 2 հազարն է մեքենան ներկել սպիտակ գույնի: Անգործ մնացած տաքսիստներին իրենց օգնությունն առաջարկեցին «Գիրչի» կուսակցության անդամները: Նախ, ի նշան բողոքի, կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն իր սև մեքենայով սկսեց տաքսու ծառայություններ մատուցել, բայց նույն օրն ևեթ տուգանվեց 200 լարիով: Սակայն, խորհրդարանական մեծամասնության անդամ Մամուկա Մդինարաձեի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 1-ին տուգանված բոլոր վարորդներին միանվագ համաներում շնորհվեց:
Դրանից հետո, կուսակցությունը նոր գաղափար առաջ քաշեց` տաքսիի փոխարեն շմաքսի, որը, ի տարբերություն տաքսիի, կրթական նշանակություն ունի: Այսպիսով, քաղաքացիները հնարավորություն ունեն կանգնեցնել Շմաքսի, Ա կետից տեղափոխվել Բ կետ և այդ ընթացքում լսել աուդիո/վիդեո նյութեր ազատության և Լիբերտարիանիզմի (կամքի ազատություն) գաղափարախոսության մասին: Փոխարենը, ուղևորը վճարելու է ոչ թե անցած ճանապարհի, այլ լսված նյութերի երկարության համապատասխան: Այս պահին, քաղաքում ավելի քան 60 «շմաքսիստ» կա:
Հարկ է նշել, որ վերոնշյալ կարգավորումներն ընդունելուց հետո քաղաքացիներն ահազանգում են տաքսու գների բարձրացման մասին: Քաղաքապետարանը պնդում էր, թե դա ընդամենը առաջին օրվա «էֆեկտն է» և գները կկարգավորվեն, սակայն սոցիալական ցանցերում տաքսի ծառայությունների գները շարունակում են քննարկման առարկա լինել: