
Վրաստանի «Գիրչի- ավելի շատ ազատություն» քաղաքական կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն Թբիլիսիում պետական անվտանգության ծառայության գլխավոր մասնաշենքի հարակից տարածքում բողոքի ցույց է կազմակերպել: Քաղաքական գործիչն ուղիղ եթերում հիշեցնում է վերջին շաբաթվա գլխավոր սկանդալի ՝ ՊԱԾ-ի գաղտնալսումների մասին, նշում, որ «սա այն վայրն է, որտեղ բոլորիս մասին ամեն ինչ գիտեն, բոլորիս թույլ կողմերն ու բոլոր մանրամասները գիտեն»:
Ջափարիձեի խոսքով, այս հաստատության խորհրդանիշն իրենց կողմից օգտագործվող «Շկոդա Օկտավիա» տեսակի մեքենաներն են, այդ պատճառով դեմոնստրատիվ կերպով կոտրում է ՊԱԾ-ի շենքի մոտ կայանած նույն մակնիշի մեքենան:
Ջափարիձեի ուղիղ եթերում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում իրեն ու իր աջակիցներին:
Հիշեցնենք` օրեր առաջ արդեն երկրորդ աղմկահարույց փաստաթղթերն են հանրայնացվել, ըստ որոնց` պետական անվտանգության ծառայությունը գաղտնալսել է ոչ միայն հանրային դեմքերի, քաղաքական գործիչների, լրագրողների, այլ նաև մի շարք հոգևորականների: