
Թբիլիսիի ամենամեծ հյուրանոցներից մեկը՝ քաղաքի պատմական հատվածում գտնվող 5-աստղանի Sheraton Metechi Palace-ը կարանտինային գոտու կվերածվի:
Այս մասին հայտնել է տուրիզմի ազգային գործակալությունը: «Ռակիա Ջորջիա» ընկերությունը համաձայնել է անհատույց տրամադրել իրեն պատկանող հյուրանոցի բոլոր 200 համարները:
Անձնակազմն արդեն հատուկ թրեյնինգներ է անցել ու պատրաստ է ընդունել բոլոր նրանց, ովքեր ենթակա են կարանտինային ռեժիմ անցնելու: Որպես կանոն՝ 2 շաբաթ տևողությամբ կարանտին են անցնում արտերկրից վերադարձած Վրաստանի քաղաքացիները, կամ կորոնավարակակիրների հետ կոնտակ ունեցածները:
Տուրիզմի գործակալությունից նշում են, որ կարևոր հանգամանք է նման մեծ հյուրանոցների ավելացումը, իսկ մեծ թվով կարանտինային գոտիներ ունենալը կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր մեխանիզմներից մեկն է:
Վարչությունը շարունակում է բանակցություններ վարել երկրի տարբեր հատվածներում գտնվող հյուրանոցների սեփականատերերի հետ՝ նոր կարանտինային գոտիներ ձևավորելու համար: Վարչության կողմից ապահովվում է նաև կարանտինի ենթակա քաղաքացիների տեղափոխումն ու հյուրանոցներում 3 անգամյա սնունդը: Այսօրվա դրությամբ երկրի տարածքում 64 հյուրանոցում կարանտինային գոտիներ են, որոնցում 4250 քաղաքացի է: