Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն չի պատրաստվում իր թեկնածությունը նույն պաշտոնում առաջադրել երկրորդ անգամ աշխատանքային ծանր պայմանների պատճառով:
Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից: Մինչ այդ նա Էներգետիկայի նախարարն էր: Նախկինում Կալաձեն ֆուտբոլիստ էր, խաղում էր Իտալիայի «Միլան» ակումբում: Նա նաև իշխող Վրացական երազանք կուսակցության գլխավոր քարտուղարն է:
ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի հետազոտության համաձայն՝ Կալաձեն այս պահին Վրաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչն է:
«Եթե այսօր ինձ հարցնեք՝ անկեղծ կասեմ՝ ոչ, չեմ պատրաստվում: Այնքան բարդ պայմաններում եմ աշխատում, որ գիշերն ու ցերեկը խառնվում են իրար: Եթե իրապես ուզում ես գործ անել, ապա պետք է անել այն ռեժիմով, որով քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցներն են աշխատում»,- ասել է Կալաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: