Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, արդեն երրորդ օրն է շարունակվում է Ճիաթուրայի հանքագործների և նրանց կողմնակիցների բողոքի ակցիան։
Հունիսի 21-ին խորհրդարանի մոտ հավաքված քաղաքացիներից ևս չորսը միացել են հացադուլավորներին և գիշերելու են Ռուսթավելիի պողոտայում։
Ճիաթուրայից Թբիլիսի է եկել հանքափոր Գիորգի Կուպատաձեն, որը հունիսի 18-ին ի նշան բողոքի կարել է աչքերը։ Հանրահավաքին ելույթ ունեցողների խոսքով՝ նա առողջական խնդիրներ ունի և բողոքի այս ծայրահեղ ձևի պատճառով կարող է կորցնել տեսողությունը։
Նշենք, որ հանքագործները երեկ՝ հունիսի 21-ին հացադուլ են սկսել։
Հունիսի 20-ին նրանք երթ են իրականացրել դեպի «Ջորջիան Մանգանեզ»-ի գրասենյակ։
«Մենք ձեզ անգամ կարած աչքերով ենք տեսնում», «Կարած բերանով էլ ճիշտը կասենք». Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության մի քանի տասնյակ հանքափորներ այս կարգախոսներով հասել էին Թբիլիսի և Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց անցկացրել:
«Ջորջիան Մանգանեզ»-ի գլխավոր տնօրեն Լաշա Թութբերիձեի խոսքով, անտրամաբանական է, որ աշխատակիցները հիմա խոսում են աշխատավարձերի բարձրացման մասին, քանի որ ընկերությունը շահույթ չի ստանում:
«Մենք համաձայն ենք և պատրաստ ենք բարձրացնել աշխատավարձը՝ ապագա ֆինանսական արդյունքներին զուգընթաց»,- ասել է Թութբերիձեն:
Տնօրենի խոսքով, այսօր ընկերության վնասը կազմում է մոտ 12 մլն դոլար, իսկ աշխատակիցների համար լրացուցիչ 15 տոկոս աշխատավարձի բարձրացումը նշանակում է լրացուցիչ 10 մլն դոլարի վնաս։
Ի դեպ, հանքափորներն ի սկզբանե պահանջում էին 20 տոկոսով բարձրացնել աշխատավարձը, սակայն ընկերությունը համաձայնել էր աշխատավարձը բարձրացնել միայն 5 տոկոսով: