Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երեկոն` Թբիլիսիում

Այսօր` հունվարի 21-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ:

Ֆրանսահայ, արմատներով նաև Վրաստանից, հռչակավոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ֆրանկոֆոն դեսպանների ավելի քան 80 անդամ ունեցող խմբի աջակցությամբ ևս։

Համերգին ներկա էին վիրահայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և այլք:

Թբիլիսիում կազմակերպված համերգի մենակատարն էր երգչուհի, երգերի հեղինակ, երաժիշտ, ձայնագրման պրոդյուսեր Արփի Ալտոն (Արփինե Տեր-Պետրոսյան)։

Արփի Ալտոն ծնվել է Երևանում 1990 թ․ սեպտեմբերի 30-ին, ջազ-երաժիշտ Անահիտ Տեր-Պետրոսյանի և նկարիչ, քանդակագործ Միքայել Տեր-Պետրոսյանի ընտանիքում։ Մագիստրոսի աստիճանով, դաշնակահարի բարձրագույն կրթությունը ստացել է Երևանում։ Հանդես է եկել Հայաստանի «Գեղարդ» վոկալ անսամբլում և  Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կազմում։

Նա որպես մենակատար մեծ ճանաչում է վայելում 2019 թ․-ից՝ հայկական ավանդական ժողովրդական, բոսա նովա դասական երգերի և աշխարհահռչակ հիթերի իր cover տարբերակներով։ Նրա YouTube-յան ալիքը «The Girl From Iema» և «The Way You Look Tonight» բրազիլական դասական բոսա նովա երգերի cover տարբերակների շնորհիվ, հավաքել է ավելի քան 5 միլիոն դիտում։ Արփին սիրված է նաև «Mas Que Nada»,«Close to You», «We’ve Only Just Begun», Շառլ Ազնավուրի «She» և Սթինգի «Fields of Gold» դասական հիթերի իր cover տարբերակների շնորհիվ։

2021 թվականին թողարկվել են երգչուհու «My Soul In The Mountains», իսկ  2022թ․՝ «Para o Meu Amor» ալբոմները, որոնք բովանդակում են բոսա նովա, ջազի և հայկական ժողովրդական մեղեդիների համակցությունը։