Բաց տարածքում շան հետ առանց դնչկալի կամ վզկապի զբոսանքի տուգանքները խստացվում են։ Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեն խոսել է նախատեսվող փոփոխության մասին։
Նախաձեռնությունը գրանցվել է այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանի բյուրոյի նիստում։
Բիթաձեի խոսքով, օրինագիծը փոփոխություն է ներառում Վարչական իրավախախտումների օրենսգրքում, ըստ որի` շանն առանց դնչկալի կամ վզկապի զբոսնելու համար 20 լարի տուգանքը կբարձրանա մինչև 150 լարի, իսկ մեկ տարվա ընթացքում նույն գործողությունը կրկնելու դեպքում` կդառնա 300 լարի:
«Գործող օրենսդրության համաձայն` տուգանքն այնքան փոքր է, որ տերերի համար կանխարգելիչ նշանակություն չունի իրենց շներին դնչկալով կամ վզկապով զբոսանքի տանելիս: Գործող օրենսդրության համաձայն` այդ երկու պայմանը կա, որ պետք է պահպանվի նախքան ընտանի կենդանուն բաց տարածք տանելը»,- ասել է Բիթաձեն:
Ի դեպ, խորհրդարանի շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովն աշխատում է «Ընտանի կենդանիների պոպուլյացիայի կառավարման մասին» օրենքի նոր նախագծի վրա։