Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղում վեց ներքին ճանապարհ կասֆալտապատվի:
Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից պետական գնումների գործակալության կայքում հայտարարված մրցութային փաստաթղթի համաձայն՝ նույն ծրագրով նախատեսվում է նաև Սադախլո գյուղի կամրջի վերականգնում:
Ըստ փաստաթղթի՝ երկու նախագծերի համար, քաղաքապետարանը նախատեսում է ընդհանուր առմամբ ծախսել 187 հազար 692 լարի։
«Այսօրվա դրությամբ գյուղի ներքին ճանապարհները, որտեղ վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել, հողի և խճաքարի խառնուրդով, պարբերաբար հերկվող ճանապարհներ են, որոնք տեղումների սեզոնին խնդիրներ ու անհարմարություններ են առաջացնում տեղացիների համար»,- նշված է փաստաթղթում:
Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են հայտ ներկայացնել փետրվարի 18-23-ն ընկած ժամանակահատվածում: Հաղթողը պարտավոր է աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 60 օրացուցային օրվա ընթացքում։