Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղի ներքին ճանապարհների կառուցման համար երրորդ անգամ մրցույթ է հայտարարվել։ Մինչ այդ, քաղաքապետարանը Շահումյանի և Սադախլոյի գյուղական ենթակառուցվածքների երկու համատեղ մրցույթ էր հայտարարել ու երկուսն էլ ձախողել:
Մրցութային հանձնաժողովի արձանագրության մեջ կարդում ենք, որ, նկատի ունենալով այս նախապատմությունը, հանձնաժողովը նպատակահարմար է համարել մրցույթները հայտարարել անհատապես։
Շահումյան գյուղի երկու ներքին (5 և 6) ճանապարհների ասֆալտապատումը նախատեսված է 115 հազար 877 լարիով։ Շահումյանիի ներքին ճանապարհների ասֆալտապատման նախագծա-ծախսային հաշվառման փաստաթղթերը կազմվել են «Փրոջեքթ Քամփնի» ՍՊԸ-ի կողմից՝ Մառնեուլիի քաղաքապետարանի հետ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված պայմանագրի հիման վրա։
Հանձնարարականի համաձայն՝ նախագծային օբյեկտի գիտահետազոտական և ինժեներա-երկրաբանական աշխատանքները տեղում իրականացվել են «Փրոջեքթ Քամփնի» ՍՊԸ-ի մասնագետների կողմից, և կատարվել է տարածքի տեղագրական հետազոտություն։
Շահումյան ճանապարհների կառուցման մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուները կկարողանան մասնակցել ապրիլի 3-8-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները քաղաքապետարանին հանձնել պայմանագիրը կնքելուց հետո 60 օրացուցային օրվա ընթացքում։ Հատկացված գումարի 100 տոկոսը ֆինանսավորվում է տեղական բյուջեից։
Մառնեուլիի քաղաքապետարանը Սադախլո գյուղի կամրջի վերականգնման և Շահումյան գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների համար երկրորդ մրցույթը հայտարարել էր մարտի 8-ին։ Մրցութային առաջարկների ընդունումն ավարտվել է մարտի 11-ին, սակայն մրցույթին ոչ մի ընկերություն չէր մասնակցել։ Վերոնշյալ նախագծերի համար առաջին մրցույթը հայտարարել էր հունվարի 26-ին, սակայն, այն ժամանակ ևս մրցույթին ոչ մի ընկերություն չէր մասնակցել։ Մրցութային առաջարկների համաձայն՝ Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսել էր աշխատանքները ձեռք բերել երկու դեպքում էլ՝ 187 հազար 692 լարիով։