Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղում բնակիչները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի (GRASS) կողմից, Եվրամիության աջակցությամբ։ Այս պահի դրությամբ պատվաստվել է 17-ից ավելի մարդ։
Շահումյան գյուղի բնակիչ Լիաննա Գալեչյանը ծրագրի շրջանակներում այսօր պատվաստվեց 2-րդ չափաբաժնով՝ կարևորելով յուրաքանչյուրի ներգրավվածությունը պատվաստման գործընթացում։
«Բազմիցս հարցնում են, թե ինչու եմ որոշել պատվաստվել։ Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանալով՝ գիտակցում եմ, որ պետք է անպայման պատվաստվել, ինչը թույլ կտա վարակվելու դեպքում հեշտությամբ կազդուրվել։ Սխալ կլինի մտածել, թե մենք չենք հիվանդանալու, սակայն այդ դեպքում կխուսափենք հնարավոր բարդություններից, այդ իսկ պատճառով որոշեցի պատվաստվել։ Առաջին չափաբաժնով պատվաստվելուց հետո կողմնակի խնդիրներ չեմ ունեցել։ Ընտանիքիս անդամները ևս պատվաստված են, սակայն իմ շրջապատում կան մարդիկ, որոնք վախենում են պատվաստվել, գուցե իրենց էլ օրինակ ծառայեմ, որ գան պատվաստվեն», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց Լիաննա Գալեչյանը՝ հորդորելով բոլորին պատվաստվել։
Գյուղի բնակիչ, թոշակառու Սուսաննա Ալավերդյանը ևս այսօր ստացավ պատվաստման երկրորդ չափաբաժինը։ Նա կարծում է, որ պատվաստվելը կարևոր է իր առողջությունը պաշտպանելու համար, թեև ասում է նաև, որ իր որոշմանը նպաստել է պետության կողմից տրվող 200 լարիի (65 դոլար) չափով հավելավճարը։
Հիշեցնենք, որ Մառնեուլիի և Դմանիսիի շրջանի մի շարք համայնքներում, այդ թվում Շահումյան գյուղում բնակիչները առաջին չափաբաժնով պատվաստվել են Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի (GRASS) կողմից իրականացված նախաձեռնության շրջանակներում։ Գործընթացը մեկնարկել է նոյեմբերի 18-ից, պատվաստման կետեր են տեղակայվել Շահումյան, Ախկուլա, Ամամլո, Բեզաքլո գյուղերում։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր