Մառնեուլիի շրջանի Շահումյան և Կիրովկա գյուղերի վերանվանման լուրը վերջին օրերին այս համայնքներում ամենաշատ քննարկված թեման է դարձել։
Հայաբնակ Շահումյան գյուղը ցանկանում են վերանվանել որպես «Զեմո Շուլավերի» (Վերին Շուլավեր), իսկ հիմնականում ադրեջանցիներով բնակեցված Կիրովկա գյուղը՝ «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն)։
Որոշումը հանրայնացնելուց հետո հայտնի դարձավ, որ Մառնեուլիի տեղի իշխանությունները այցելել են Կիրովկա գյուղ, քննարկել գյուղի վերանվանումը տեղացիների հետ, ովքեր ընդհանուր հայտարարի են եկել «Մծվանե գորա» անվան հետ կապված, իսկ որոշ ժամանակ անց՝ գյուղի բնակիչները կոչ են արել տեղի իշխանություններին վերադարձնել գյուղի նախկին անունը՝ «Մամեյ»: Թեմայի հետ կապված տեղացիների բողոքը բարձրաձայնել է ադրբեջանական «Սալամ» կազմակերպությունը:
Ինչ վերաբերում է Շահումյան գյուղին, տեղի բնակիչներն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեցին, որ գյուղը վերանվանելու մասին որոշումը կայացվել է առանց իրենց մասնակցության: Տեղացիներն ասում են, որ ի տարբերություն Կիրովկայի, իրենց տեղի իշխանությունները չեն այցելել: Շահումյանցիների կարծիքները, սակայն, գյուղի վերանվանման հետ կապված, կիսվում են:
Մեզ հետ զրույցում տեղացիների մի մասը ամենևին էլ դեմ չի անվանափոխմանը, քանի որ, ըստ նրանց՝ իենք իրենց միշտ էլ շուլավերցի են անվանել: Մյուս մասն էլ գտնում է, որ գյուղի անվանափոխությամբ այն կկորցնի իր հայկականությունը:
Հատկանշական է` Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ անվանափոխման հետ կապված խորհրդակցություն անցկացվել է (այդ ժամանակ ինքը դեռ ընտրված չի եղել).
«Իմ ընտրվելուց հետո իմացա, որ անվանափոխման համար շահումյանցիները համաձայնվել են, սակայն «Դիդի Շուլավերի» (Մեծ Շուլավերի) անվանը»։
Հախվերդյանը բացատրում է նաև անվանափոխության պատճառը. այն ամենևին էլ հայկական լինելու համար չէ, որ փոխում են գյուղի անունը, այլ հեղափոխականների անուն կրելն է պատճառը, և այդպիսի անուն ունեցող բոլոր վայրերի անվանափոխության հարցն է դրված, ինչպես օրինակ՝ Օրջոնիկիձեն։
Նկարիչ, տիկնիկագործ, Շահումյան գյուղի բնակիչ Արմեն Հովհաննիսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում հիշում է Շահումյանի հարուստ պատմությունը՝ նշելով, որ բնակավայրը հայկական է դեռ 12-րդ դարից, իսկ բուն գյուղատեղին, որը կոչվել է Շղվեր՝ գյուղից ոչ շատ հեռու՝ անտառի մեջ գտնվող Բնիձորում է։
«Չանախչիի Խորակերտ վանքի արձանագրություններում գրված է, որ Շղվերի Բնիձորի եկեղեցին եղել է թեմակալ ենթակայության և պատկանել է Չանախչիի Խորակերտին։ Այսինքն առաջնորդարանն եղել է Խորակերտը, իսկ Շղվերի վանքը եղել է ծխապատկան», — պատմում է Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ ներկայիս Շահումյանի տարածքում կան 12-րդ դարից էլ ավելի հին վանքեր, աղոթատեղիներ, օրինակ՝ եկեղեցական համալիրը, որը, ցավոք, խոնարհվել է։ Սակայն սրանք ևս փաստում են, որ տեղանքը հայաբնակ է եղել։
«Արցախից (հիմնական մասը) և Շամշադինից տեղահանվածները վրացի թագավոր Էրեկլե երկրորդի որոշմամբ, քանի որ տեղանքը հայկական է եղել՝ նրանց վերաբնակեցնում է ներկայիս Շահումյանի տարածքում։ Էրեկլեն, սակայն, հասարակ գյուղացիներով չի վերաբնակեցնում Շահումյանը, գալիս են Մելիքները, Մելիքների տոհմից հայտնի Քալանթարովները (որոնք պահել են վրաց նկարիչ Նիկո Փիրոսմանիին, չնայած Թիֆլիսիում են հայտնի, բայց արմատներով Շահումյանից են), այնուհետև նաև Մելիքական այլ տոհմեր», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նաև հավելում է՝ վերաբնակեցումից հետո, արդեն 19-րդ դարում Հին Շուլավերին ստացել է քաղաքի կոչում, հին քարտեզներում նշված է որպես «Գոռոդ Շուլավերի».
«Հին Շուլավերին ուներ օրիորդաց դպրոցներ, գիմնազիաներ, ավելի ուշ՝ նաև երկսեռ դպրոցները սկսեցին գործել։
19-րդ դարում Շուլավերը եղել է ամբողջ Բորչալուի շրջկենտրոնը, ղեկավարության նստավայրը Շուլավերին է եղել»։
Շարունակելով պատմությունը՝ Հովհաննիսյանն ասում է, որ արդեն Խորհրդային միության ժամանակ Շուլավերին վերանվանվում է հեղափոխական Ստեփան Շահումյանի անունով։
«Դե արդեն բոլորին է հայտնի Խորհրդային տարիներին Շահումյանը ինչպիսի վերելք ապրեց, բոլորը լավ էին ապրում»,- պատմում է Հովհաննիսյանն ու մինևնույն ժամանակ հավելում, որ Խորհրդային այդ տարիներին Շուլավեր քաղաքը դարձավ քաղաքատիպ ավան։
Նաև ընդգծում է՝ միչև այսօր էլ պահպանվում է ժառանգած կոլորիտը, մշակույթը, ուտեստների բազմազանությունը։
Շահումյան գյուղի բնակչուհիներից Մ.Մ-ն (անունը փոփոխված է) «Ալիք Մեդիայի» հետ զրույցում մտահոգություն է հայտնում՝ նշելով, որ ամեն հայերեն բան ցանկանում են վերացնել։
«Ես կտրուկ դեմ եմ Շահումյանի անունը փոխելուն։ Անպայման պետք է վրացերեն բառ կպցնե՞լ։ Հայկականն ամեն կերպ երկրորդ պլան են մղում», — ասում է նա՝ հավելելով՝ Շահումյան անվան մեջ հայկական շունչ կա, պետք չէ վերացնել։