«Ալիք մեդիան» առաջարկում է ծանոթանալ Վրաստանում շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին: Այսպիսով՝
- Մայիսի 19-ին Վրաստանում տեղի ունեցան միջանկյալ և արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքների համաձայն բոլոր ընտրատարածքներում բացարձակ հաղթանակ տարան իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները, բացառությամբ Մթածմինդայի ընտրատարածքի միջանկյալ ընտրությունների, որտեղ նշանակվեց երկրորդ փուլ: Մայիսի 20-ին Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը հայտարարեց, որ ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները և նախատեսում է բողոքի ակցիաներ կազմակերպել, որը տարակարծություններ առաջացրեց հենց ընդդիմությունում, ինչի հետևանքով որևէ ակցիա դեռ չի անցկացվել:
- Մայիսի 21-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի ընդդիմությունը բողոքի ակցիաներ անցկացրեց պահանջելով նախագահական ընտրությունների ժամկետի հետաձգում, ինչին դեմ էր արտահայտվել խորհրդարանը: Ի վերջո Աբխազիայի ընդդիմությունն ու կառավարությունը եկան համաձայնության և Աբխազիայի դե ֆակտո նախագահի ընտրությունները հուլիսի 21-ի փոխարեն տեղի կունենան օգոստոսի 25-ին:
- Մայիսի 22-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը աղմկահարույց գործ բացահայտեց պայմանավորված խաղեր անցկացնելու համար, որի արդյունքում մեղադրանք էր ներկայացրել 11 ֆուտբոլիստի։ 8 գործող և 3 նախկին ֆուտբոլիստները ձերբակալվել էին: Պայմանավորված խաղերի գործով ձերբակալված ֆուտբոլիստներից չորսի վերաբերյալ որոշում է կայացվել խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ 7-ը՝ 10 000-ական լարի գրավի դիմաց ազատ են արձակվել:
- «Վրաստանը ԱՄՆ-ի հետ աննախադեպ սերտ և համապարփակ հարաբերություններ ունի, հատկապես ռազմական ոլորտում»,- այսպես էր անդրադարձել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան խոսելով ԱՄՆ — Վրաստան հարաբերությունների մասին: Իզորիայի խոսքով` Վրաստանի պաշտպանության նախարարությունը կողջունի երկրում ամերիկյան բազաների կառուցումը: Հատկանշական է, որ օրեր առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույցէր տվել «Ամերիկայի Ձայնին»՝ նշելով, որ ցանկալի չի համարում Վրաստանում ամերիկյան բազայի կառուցումը:
- Մայիսի 24-ին կրկին լարված իրավիճակ ստեղծվեց վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ: Համալիրի տարածքում աշխատող էքսկուրսավար Զվիադ Անանիաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն էր տարածել, որի համաձայն, վանական համալիրի տարածքում, ադրբեջանական կողմը վերսկսել է ճանապարհ կառուցելու աշխատանքները: Մայիսի 23-ին և 24-ին Բաքվում անցկացվում էր ԱԳ նախարարությունների ներկայացուցիչների հանդիպումներ վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի հարցով, սակայն դեռևս պաշտոնական հայտարարություն չի արվել որևէ որոշման վերաբերյալ: