Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ Սև ծովով ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխը նոր հնարավորությունների պատուհան կբացի:
Ըստ նրա՝ այդ նախագիծը Վրաստանին կտանի եվրոպական ուղղությամբ, Վրաստանը կդարձնի էլեկտրաէներգիայի հանգույց և կբարելավի ներքին էներգետիկ շուկան:
«Այս համաձայնագիրը ԵՄ-ին կմերձեցնի Հարավային Կովկասի տարածաշրջանի մեր գործընկերներին և կօգնի մեր տարածաշրջաններին ավելի մաքուր էներգետիկ ռեսուրսներ մատակարարել:
Ռուսական պատերազմի սկսվելուց հետո մենք որոշեցինք հրաժարվել ռուսական էներգիայից և ամրապնդել մեր գործընկերությունն այլ երկրների հետ։ ԵՄ-ն կարողացել է նվազեցնել ռուսական ռեսուրսների շահագործումը, և սա ոչ միայն նոր աշխարհաքաղաքական էներգետիկ անվտանգության ուղի է, այլև մաքուր, մատչելի էներգառեսուրսների ձեռքբերման առումով ապագա նախաձեռնությունների հիմք է»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Լեյենը նշել է, որ Սևծովյան ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխը կօգնի Մոլդովայի ու Արևմտյան Բալկանների ԵՄ-ի հարևաններին և, իհարկե, Ուկրաինային:
Ի դեպ, Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան ստորագրել են Սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխի նախագիծը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ռումինիայում: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Փաստաթուղթը հիմնված է չորս երկրների շահերի վրա՝ կապված Սև ծովի ավազանում ազգային և տարածաշրջանային էներգետիկ անվտանգության և կապի ամրապնդման, մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման, Կասպից ծովի տարածաշրջանում վերականգնվող էներգիայի արտադրության ներուժի կապիտալացման և վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացման հետ:
Քառակողմ միջկառավարական համաձայնագիրը նախատեսում է վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիա փոխադրելու համար Ռումինիայի և Ադրբեջանի միջև Վրաստանի և Սև ծովի տարածքով ստորջրյա մալուխային ծրագրի իրականացում։